Մեկ վայրկյանում մեկ գիգաբիտ արագությամբ ինտերնետ-ալիքի անցկացման Google կորպորացիայի փորձին մասնակցելու հայտ են ներկայացրել ԱՄՆ 1100 բնակատեղիներ։ Ինչպես հայտնվում է Google-ի բլոգում, փետրվարի 10-ից մինչեւ մարտի 26-ը Google-ի կայքէջում դիմումի ձեւ են լրացրել ավելի քան 1100 բնակատեղիների ներկայացուցիչներ, իսկ անհատական հայտեր ներկայացրել է 194 հազար մարդ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ սկզբնական շրջանում գիգաբիտային ինտերնետով ապահովելու է 50 հազար մարդու։ Հեռանկարում փորձի մասնակիցների թիվը կարող է հասնել մինչեւ 500 հազարի, սակայն արդեն այժմ «հերթ է գոյացել»:
Այս ամիսների ընթացքում ընկերության ներկայացուցիչները վերլուծում են ներկայացված հայտերը։ Մասնավորապես՝ Google-ի ներկայացուցչները կայցելեն մի քանի քաղաքներ, կհանդիպեն տեղական իշխանությունների հետ։ Մրցույթի հաղթողները կորոշվեն մինչեւ տարվա վերջ։
Փորձի ընթացքում Google-ի ներկայացուցիչները նախատեսում են թեսթավորել գալիք սերնդի կայքի-կցորդները։ Ընդ որում կորպորացիան չի դադարեցնի վճարովի հիմունքներով մուտքը համացանց։




























