Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում հանդիպել է «Կալիֆոռնիան կուրյեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի գլխավորությամբ խորհրդարան այցելած շուրջ 100 ամերիկահայ դպրոցականների եւ նրանց ուսուցիչների հետ:
ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, խնդիրներն ու դերը, գործառույթները: Նա կարեւորել է նման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատասխանել է սփյուռքահայ աշակերտների եւ ուսուցիչների հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:
«Կալիֆոռնիան կուրյեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ երեխաները առաջին ամերիկահայ դպրոցականներն են, որ հյուրընկալվում են խորհրդարանում:




























