Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովին եւ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին:

ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին է տրամադրվել ուղերձի տեքստը, որում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի մասին, որ հանգեցրել է մարդկային զոհերի :

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում:

Ահաբեկչությունը չարիք է, որ սպառնում է ողջ մարդկությանը, եւ այն արմատախիլ անելը բոլոր երկրների եւ ժողովուրդների ընդհանուր գործն է»:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել է մոսկովյան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է չորս տասնյակի: