ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել, ըստ որի, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող մինչեւ 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի համար ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը կսահմանվի 2000 դրամ, հավաստագիրը կտրամադրվի 1 աշխատանքային օրում եւ Հայաստանում արտադրվող մինչեւ 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը կտրամադրվի առանց փորձաքննության ակտի:

Մեկ այլ որոշմամբ, պարզեցվել է նաեւ բուսասանիտարական փորձաքննության հավաստագրի ստացման ընթացակարգը: Սահմանվել է, որ արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է միայն բուսասանիտարական զննման միջոցով, անվճար եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

«Այս որոշումները վկայում են, որ կառավարությունը հետեւողական է փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս փոփոխությունները էական նշանակություն են ունենալու գյուղատնտեսության ոլորտում: Այս ռեժիմը փոքր եւ միջին ձեռնարկատերերին թույլ է տալիս, որ իրենց արտադրանքն ինքնուրույն արտահանեն Վրաստան, այնտեղ վաճառեն եւ այդ ընթացքում հեշտացված ռեժիմ կիրառվի: Անցած վեց ամիսների արդյունքները, վկայում են, որ փոքր եւ միջին բիզնեսի շնորհիվ մեր դիմադրողականությունը այս հակաճգնաժամային միջոցառումների ներքո էապես բարձրացել է ե’ւ նրանց տնօրինության տակ մնացած ֆինանսական միջոցների, ե’ւ նրանց արտադրած ապրանքների ծավալների առումով: Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք 16 տոկոս ՀՆԱ անկում, փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները ոչ միայն չեն նվազել, այլեւ ավելացել են 22 տոկոսով: Սա նույնպես վկայում է, որ հակաճգնաժամային միջոցառումները դրական ազդեցություն են թողել, քանի որ սրանք այնպիսի ցուցանիշներ են, որոնք արտահայտում են իրողությունը: Համոզված եմ, որ այս երկու որոշումները էապես բարելավելու են գյուղացու տնտեսական ապրանքների արտահանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: