Այսօր` մարտի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում ` ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ռուսաստանցի համանախագահին` այսօր Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա կողմերի մոտեցումները մերձեցնելու հնարավորությունները:

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են նախօրեին Ստեփանակերտում ԼՂ իշխանությունների հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:

Անդրադառնալով վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների շահարկումներին` ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ եւ շարունակում են մնալ այդպիսին»: