ԱԺ-ում շարունակվում են գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Նշենք, որ քննարկումները զեկուցողից ու համազեկուցողից բացի հատուկենտ պատգամավորների է հետաքրքրում։
Դա նկատեց անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որն աչքի անցկացնելով դահլիճը՝ ասաց. «Ոնց նայում եմ ընթացքին, լրագրողներն ավելի ակտիվ են»։
«Ինչո՞վ եք պատրաստվում լցնել պետական բյուջեն, եթե վարչապետը հայտարարում է, թե վարչարարությունը չեն ուժեղացնելու, որպեսզի բիզնեսը չխեղդեն»,- «ՉԻ» հարցին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այսպես պատասխանեց. «Սկզբունքը հետեւյալն է. եթե մենք 2013 թվականն ավարտում ենք հարկեր-ՀՆԱ 23,1 տոկոսով, ապա այդ բուն տոկոսային հարաբերությունը թողնում ենք 2014 թվականին։ Այսինքն հարկերի ավելացումը զուտ գնաճի եւ տնտեսական աճի հաշվին է լինելու։ Այսինքն՝ համամասնությունը ավեի շատ, քան ՀՆԱ-ի աճն է, չի նախատեսվում»»,- մեջբերում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























