ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է իրեն վերագրվող այն հայտարարությունը, թե երկու տարի առաջ Հայաստանը համաձայնել է, սակայն ինչպես այսօր է պարզվում` ոչ ամբողջությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներին:
«Պետք է տալ այնպես, ինչպես ասվում է, այլ ոչ թե մեկնաբանել, ինչպես դա արեցին լրագրողները Լեռնային Ղարաբաղում: Կա նույնիսկ տեքստի սղագրությունը, որտեղ բառ առ բառ նշված է, թե ես ինչ եմ ասել»,- ասաց Մերզլյակովը՝ պատասխանելով դրա վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հարցին:
Տեղեկացենք, որ մարտի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հանդիպումը: ԵԱՀԿ համանախագահները մինչեւ Հայաստան այցելությունը գտնվում էին Լեռնային Ղարաբաղում, որտեղ հանդիպել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանին:
Հիշեցնենք, որ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Մերզլյակովը Ստեփանակերտում ասել էր, որ Հայաստանը համաձայն չէ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ներկայացրած Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նոր առաջարկություններին:
Պատասխանելով NEWS.am-ի լրագրողի ճշտող հարցին, իրեն վերագրվող մյուս հայտարարության վերաբերյալ, թե իբր ինքն ասել է, որ կողմերը հիմնականում համաձայնել են մադրիդյան սկզբունքների շուրջ՝ բացառությամբ 4 կետի, Մերզլյակովը նշեց. «Ես նման բան չեմ ասել: Նման բան չի եղել»:
NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե Մադրիդյան սկզբունքներում ի՞նչ նոր հավելումների մասին է խոսքը գնում, Մերզլյակովը նշեց. «Դրանք հավելումներ չեն այլ առաջարկություններ, որոնք այն սկզբունքների վերաբերյալ են, որոնց շուրջ համաձայնություն չկար, դրանք աշխատանքային պահեր են, որոնք շարունակվում են»: Նա ավելացրեց նաեւ, որ ՀՀ արտգործնախարարությունում կայացած հանդիպման ժամանակ սկզբունքների վերաբերյալ կոնկրետ ձեւակերպումներ չեն քննարկվել:
Մերզլյակովը չմանրամասնեց, թե Աստանայում կայանալիք Ալիեւ-Սարգսյան հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվո՞ւմ են առաջարկություններ ներկայացնել: Ռուսաստանցի համանախագահը նշեց, որ հարցը պետք է ուղղել այդ հանդիպման նախաձեռնողին, այսինքն՝ ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանին, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:




























