«Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա կայցելի Թուրքիա` ֆուտբոլային պատասխան խաղը դիտելու միայն այն դեպքում, եթե բաց լինի հայ-թուրքական սահմանը, կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին, մեծ արձագանք է ունեցել»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի միջազգաին հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սինան Օգանը:

«Ես չեմ կարծում, որ ՀՀ նախագահի այդ հայտարարությունից հետո Անկարան որեւէ կտրուկ քայլեր կձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Դրա համար կա երկու պատճառ. Մեկը` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը եւ այցելելը Երեւան առանց նախապայմանների: Դա բարի կամքի դրսեւորում էր եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ խնդիրների լուծմանն ուղղված քայլ»,- ընդգծել է թուրք փորձագետն ու հավելել, որ նրա այդ որոշումը իր մեջ որոշակի ռիսկ էր պարունակում: «Հիմա իրավիճակը նույնն է.Գյուլն է հրավիրել Սարգսյանին պատասխան խաղին, ուստի Թուրքիան որեւէ նախապայման չի ընդունի»:

Երկրորդ պատճառը, ըստ Օգանի, ԼՂ հակամատրության մեջ է: «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ „Ճանապարհային քարտեզի“ ստորագրումը ցույց տվեց Ադրբեջանի ու Թուրքիայի հասարակությունների վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսությանը: Երկու երկրների հասարակություններն էլ դեմ են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը՝ առանց ԼՂ խնդրի կարգավորման, եւ Թուրքիայում իշխող կուսակցությունում դա լավ հասկանում են: Այնպես որ, եթե մինչեւ ֆուտբոլային պատասխան խաղը ԼՂ բանակցային գործընթացում առաջաընթաց չգրանցվի, Թուրքիան հանդես չի գա հայ-թուրքական երկխոսության նախաձեռնությամբ»,- ընդգծել է փորձագետը: