Այսօր՝ մարտի 30-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կազմակերպող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը եւ Հաղթանակի օրվան` մայիսի 9-ին նվիրված միջոցառումների կազմակերպման մանրամասներ: Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետը զեկուցել է վարչապետին նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Նա տեղեկացրել է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է այսօր՝ Հայաստանի ազգային արխիվի կողմից Հայրենական մեծ պատերազմի թեմայով պաստառների ցուցադրությամբ:

Անդրադառնալով մայիսյան միջոցառումների կազմակերպմանը` նշվել է, որ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ կազմակերպվելու են հանրապետության բոլոր մարզկենտրոններում եւ քաղաքներում:

Ի թիվս մի շարք այլ հարցերի, քննարկվել են նաեւ Մոսկվայում կազմակերպվող տոնական զինվորական շքերթին Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից 10 հայ վետերանների պատշաճ մասնակցության մանրամասներ:

Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ առաջիկա տոնակատարությունները տոնին հարիր հանդիսավորությամբ կազմակերպելու համար: