Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները չպետք է պատերազմի վերսկսման սպառնալիքի մասին եզրակացությունների հիմք դառնան: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ԼՂՀ ՊՆ «Գոյամարտ» հաղորդմանը տված հարցազրույցում:
«Այսօր ԼՂՀ Պաշտպանական բանակը վերահսկում է առաջավոր գիծն առավել վստահ, քան երբեւէ եւ համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում` ի պատասխան ադրբեջանական զինված ուժերի քայլերի»,- ասել է Հակոբյանը՝ ընդգծելով, որ պատերազմի վերսկսման մասին խոսելու հիմքեր չկան:
Նրա խոսքով, հրադադարի կնքումից հետո իրավիճակն առաջավոր դիրքերում որեւէ կերպ չի փոխվել:
Միեւնույն ժամանակ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանական բանակը հաղթանակ է տանելու. «Բոլոր պատերազմներում հաղթել են այն ժողովուրդները, որոնք պատերազմել են ողջ ժողովրդով: Եւ դա մեր հաղթանակի գրավականն է»:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հաղորդել է, որ վարժանքների միջոցով ռազմական հրամանատարությունը մշտապես մարտական պատրաստվածության մեջ է պահում ԼՂՀ պաշտպանական բանակի ռեզերվը:




























