2010 թվականի հունվարի դրությամբ մասնավոր տրանսֆերտների նվազումը կազմել է 25 տոկոս, իսկ սա ՀՀ տնտեսական զարգացման հենասյուներից մեկն էր: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն ու հավելեց, որ եթե դրան գումարենք նաեւ այն, որ 2010-ին դրսից այնքան հսկայական միջոցներ չեն ստացվելու, ինչպես դա եղավ 2009-ին, ապա պարզ է, որ 2010-ը ծանր տարի է լինելու:

Անդրադառնալով բանկային համակարգի վիճակին՝ նա նկատեց, որ թեեւ նշվում է, որ վարկային ներդումների ծավալի աճ է գրանցվել, սակայն դոլարային արտահայտությամբ կշռելու դեպքում, արձանագրվել է նվազում: Այսինքն, ստացվում է, որ բանկերը վարկային միջոցներ շարունակել են ներգրավել, սակայն ավելի քիչ են ներդրել տնտեսության մեջ, ինչի արդյունքում բանկերը հիմա ունեն 2 անգամ ավելի շատ իրացվելի միջոցներ, քան պետք է: Բացի դրանից մեծ չափերի է հասել տնտեսության դոլարիզացիայի մակարդակը:

«Դրամի դերը մեր տնտեսության մեջ փոքրացել է, որի պատճառներից մեկն էլ ԿԲ կողմից իրականացվող արտարժութային ինտերվենցիաներն են: Դրամի զանգվածը կրճատվում է։ Եթե 2008-ի դեկտեմբերին կանխիկ դրամը կազմում էր 344 միլիարդ դրամ, ապա 2010-ի մարտին այն 274 միլիարդ դրամ է, որը վերջին 3 ամսում կրճատվել է 45 միլիարդով»,- ասաց Բ. Ասատրյանն ու հավելեց. «փաստորեն դրամի առաջարկը նվազել է, շուկայում դրամ չկա, որ արժեզրկվի։ Բայց այն այնուամենայնիվ արժեզրկվում է, ինչը պայմանավորված է քաղաքական եւ այլ գործոններով»: Իսկ այդ քաղաքական պատճառներից մեկը փողի փախուստն է երկրից, ինչպես նաեւ՝ մենաշնորհային տնտեսությունը: