Փարիզում 83 տարեկան հասակում վախճանվել է հայտնի գրող, «Նորին պայծառափայլությունը»(SAS) էրոտիկ-լրտեսական, սուր սյուժետային դետեկտիվների հեղինակ Ժերար դե Վիլյեն: Վերջին տարիներին գրողը տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

Քննադատները սառնությամբ էին վերաբերում գրողի ստեղծագործություններին՝ դրանք դասելով «բուլվարային վեպերի» շարքին, սակայն ընթերցողներին գրավել էր «ֆրանսիական Ջեյմս Բոնդը»՝ ԿՀՎ-ի արտահաստիքային աշխատակից, ավստրիացի ազնվական-հակակոմունիստ Մալկո Լինգեն:

Հենց «Նորին պայծառափայլությունը» շարքը, ներառյալ 200 վեպերը, հեղինակին մեծ ճանաչում բերեցին: Սակայն դրանում մեծ դեր խաղացին նաեւ գրքերի սադրիչ կազմերը. գրքերն անպայման զարդարում էր կիսամերկ կին: Երկու անգամ վեպերի հիման վրա ֆիլմ են նկարահանել, հաղորդում է ՌԲԿ-ն:

Բացահայտ աջ ուղղվածությունը մի անգամ վտանգի տակ է դրել հեղինակի ապագան. նա չէր ամաչում համակրել Ժան Մարի լե Պենի ազգայնական կուսակցությանը, արդյունքում 1980-ական թթ. հեղինակի գրքերն անհետացան գրեթե բոլոր գրախանութներից:

Ինքը Ժ. Դե Վիլյեն իրեն չէր համարում առաջնակարգ գրող: Իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ իրեն համարում է ոչ թե գրող, այլ պատմող, ով նստում է համակարգչի առաջ՝ մարդկանց զվարճացնելու համար: