Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է Արլինգտոնում Հայկական մշակութային կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ԱՄՆ-ի շահերն ու առաջնահերթությունները։ Ինչպես հայտնում է «Asbarez» թերթը բացման խոսքով հանդես են եկել «Հայաստանի ժառանգություն» կազմակերպության ղեկավար Ջեյմս Կալուստյանն ու բարեգործ Ռոբերտ Մարիկը։
«Այսօր, առաջին անգամ, այստեղ հավաքվածներին հնարավորություն է ընձեռնվել ողջունելու նման բարձր դիվանագետի»,-ասել է Մարիկը։
Հայաստանի գործընթացների վերաբերյալ Յովանովիչը բանախոսել է, թե դեռ խնդիրներ կան կապված Հայաստանում նախագահական ընտրությունների հետ, սակայն 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ դատապարտվածների համաներման՝ խորհրդարանի որոշումը, բավարարել է նրան։ «Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավարության ճանապարհը հազվադեպ է հեշտ լինում»,-ասել է բանախոսը։
Յովանովիչը խոսել է նաեւ պատասխանատվության զգացումի եւ Հայաստանում կառավարական ու հասարակական բոլոր մակարդակներով կաշառակերության դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ։ «Հայկական խնդիրները պահանջում են հայկական լուծումներ։ Պարտադիր չէ շփվել շատերի հետ, որպիսի հասկանաս, որ Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանատվության զգացումով մոտենա իր երկրի քաղաքացիներին, նրանք այդ վերաբերմունքի կարիքն ունեն»։
Հայաստանի տնտեսությանն անդրադառնալով՝ դեսպանն ասել է, որ Համաշխարհային բանկի տվյալներով, մինչեւ 2010թ տոկոսային հարաբերությամբ աղքատության մակարդակը Հայաստանում 23-ից բարձրացել է 28 տոկոսի, ինչը մտահոգում է։ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության շնորհիվ երկրի արդյունաբերությունը ավելի մրցունակ է դառնում։ Միացյալ նահանգներում հայկական համայնքի շնորհիվ Հայաստանը Միացյալ նահանգների համար դասվում է տնտեսական համագործակցության համար առաջնահերթ երկրների շարքը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, ԱՄՆ դեսպանը կարծում է.-"այս դեպքում բոլորը կշահեն։ Սահմանի բացումից հետո տնտեսական արդյունքները ոչ ոք չի կարող կանխատեսել, սակայն արդեն հաշվարկված է, որ համախառն ներքին արդյունքը Հայաստանում ավելանալու է։ Մենք մտածում ենք, որ երկու երկրների ժողովուրդները միմյանց մեջ ավելի շատ ընդհանրություններ կգտնեն, քան տարբերություններ։ Յովանովիչը անդրադարձել է, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական համայնքին ուղղված իր ելույթում չի արտաբերել «ցեղասպանություն» բառը: Նա ասել է.-" Ես գիտեմ, որ ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ հիասթափեցրել է, նույնիսկ ատելություն է առաջացրել շատերի մոտ, սակայն Օբաման իր ելույթով նախորդ նախագահներից առաջ է գնացել։ Հնարավոր է՝ նա փոխի իր դիրքորոշումը, բայց դա չի նշանակում, որ դա անխուսափելի է։ Մենք պետք է լուրջ աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ՝ գիտակցելով, որ այս ամենի համար քաղաքական ամուր կամք է պետք։ Մենք չենք կարող մոռանալ անցյալը, ուրեմն պարտավոր ենք միասին աշխատել լավ ապագայի համար"։
Խոսելով Կովկասում իր երկրի առաջնահերթությունների մասին՝ դեսպանը նշել է, թե նավթն ու գազը ԱՄՆ-ի համար միշտ ել առաջնային են եղել ու լինելու, մինչեւ որ գտնվի այլընտրանք։
Այնուհետեւ, հավաքվածները կշտամբել են Սպիտակ տանը, որ վերջինս կրճատել է Հայաստանի ֆինանսական օգնությունը եւ ավելացրել Ադրբեջանինը, եւ որ այդ հանգամանքը չի նպաստելու ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին։ Սակայն, Յովանովիչը կտրականապես չհամաձայնեց այդ ձեւակերպմանը, ասելով.-"Ես համաձայն չեմ, որ ԱՄՆ-ը չի մտածում ձեր երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին։ Կարծում եմ, դուք պիտի հպարտանաք Հայաստանում Միացյալ նահանգների վարած քաղաքականության համար։ Բայց, ես Վաշինգտոնից Հայաստանի հանդեպ ավելի մեծ շահագրգռվածություն եմ ակնկալում"։



























