Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 30-ին կայացած նիստում հակասահմանադրական է ճանաչել Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի երկրորդ մասը, որը թույլ է տալիս անձի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել ապացույցների անբավարարության հիմնավորմամբ:
ՍԴ-ն օրենքի սահմանադրականության հարցը քննում էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանի եւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դիմումներով: Նրանց երկուսին էլ 2008թ. մարտի 1-ից հետո մեղադրանք էին առաջադրել, սակայն կարճել էին այն ապացույցցների անբավարարության հիմքով, թեեւ ըստ ընդդիմադիր գործիչների իրենց դեմ հարուցված քր.գործերը պետք է կարճվեին հանցակազմի բացակայության հիմնավորմամբ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Սարգսյանի եւ Կարապետ Ռուբինյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ հակասահմանադրական ճանաչված հոդվածը լուրջ խնդիրներ ուներ անմեղության կանխավարկածի հետ: «Ձեւակերպումը կասկած է թողնում մարդկանց մոտ, որ արդարացվածը մինչեւ վերջ արդար չէ: Սա բարոյական խնդիր է: ժողովրդավարական, իրավական պետության մեջ մարդուն առանց հիմքերի կասկածելը միջամտություն է նրա անձնական կյանքին»,- մանրամասնեց Արտակ Զեյնալյանը: Վերջինս, ի դեպ, չբացառեց, որ բոլոր այն անձինք, որոնց արդարացրել էին հենց այդ հիմքով, կարող են բողոքարկել վճիռները դատարաններում եւ նրանց կարդարացնեն հանցակազմի բացակայության հիմքով:




























