Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային ներկայիս այցի շրջանակներում, այցելություն Լեռնային Ղարաբաղ չի նախատեսվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Այս այցի շրջանակներում շեշտը դրվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու վրա: Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով այցի ձեւաչափը, այցելություն Ստեփանակերտ չի նախատեսվում»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) նոյեմբերի 4-ին Բաքվից ժամանել են Երեւան: Նոյեմբերի 5-ին համանախագահները կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Բաքվում եւս հանդիպել են նախագահին եւ ԱԳ նախարարին:





























