«Երեւան Ջուր» ընկերությունը հերթական անգամ քաղաքի փոքր կենտրոնը թողել է առանց ջրի: Ժամը 10:00-ից ջուր չկա Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի, Աբովյանի, Տերյանի, Բայրոնի, Թումանյանի, Նալբանդյանի եւ Խանջյանի փողոցների շենքերում:
Հատկանշական է, որ ընկերությունը նախապես տեղեկատվություն էր տարածել՝ սպասվող անջատումների մասին՝ նշելով, որ վթարի վերականգնման հետ կապված վերանորոգման աշխատանքներ պիտի կատարվեն: Արդյունքում ստացվում է, որ «Երեւան Ջուր»-ը նախապես գիտեր սպասվող վթարի մասին:
Ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը այս առնչությամբ NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ մասնագետներն արձանագրել են ջրատար խողովակների ցանցում վթարային վիճակը, «վթար եղել է, բայց խողովակի ճեղքում չի եղել»:
Սպասվող անջատման մասին բնակչությանը տեղյակ պահելու նպատակով ջուրը մատակարարվել է մինչեւ նոյեմբերի 5-ին, ժամը 10:00-ին: Ի դեպ, ի տարբերություն այսպես կոչված «պլանային անջատումների» (վերջին նման անջատումը՝ գրեթե 24 ժամով, տեղի էր ունեցել ընդամենը 2 շաբաթ առաջ), «Երեւան Ջուրը» բնակիչներին այդ մասին չի տեղեկացրել հեռախոսով: Ավելին, այսօր միայն կեսօրին, մեր հեռախոսազանգից հետո «Երեւան Ջուր» ընկերությունն սկսել է ստացիոնար հեռախոսակապով բնակիչներին տեղյակ պահել վթարի մասին: Նշվել է, որ ջրամատակարարումը նախատեսում են վերսկսել երեկոյան ժամը 22-ին:
Հավելենք, որ վերջին ժամանակներս ջրամատակարարման ցանցում վթարների թիվը, հատկապես Երեւանի կենտրոնում, կտրուկ աճել է:



























