Ադրբեջանի հայատյացության ահագնացող փաստերի մասին շարունակում է ահազանգել միջազգային հանրությունը: Այս մասին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ԳԱ Երրորդ կոմիտեի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» կետի ներքո ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
Որպես օրինակ, դեսպանը նշել է, թե ինչպես Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները հեռուտաբանավեճերի ընթացքում միմյանց մեղադրում էին հայկական արմատներ ունենալու հարցում, խոսել այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը՝ հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար՝ դպրոցական դասագրքերում հայերին վերագրելով «ֆաշիստ», «ահաբեկիչ» եւ այլ ձեւակերպումներով: Դեսպան Նազարյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանում այդօրինակ բացահայտ ատելությունը հայերի հանդեպ կարելի է համեմատել ռասիզմի պատմության ամենասարսափելի օրինակների հետ, որի համար իշխանությունների կողմից գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները:
Նշելով, որ հայատյացությունը Ադրբեջանում վաղուց դարձել է պետական քարոզչամեքենայի անքակտելի մասը՝ ՀՀ դեսպանը կոչ է արել ՄԱԿ անդամ պետություններին դատապարտել Ադրբեջանում աճող անհարդուժողականության ու ռասիզմի երեւույթները՝ հավելելով, որ այդօրինակ դրսեւորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ծանրագույն ոտնահարումներին:
Նա անդրադարձել է նաեւ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի եւ այդ չարիքի կանխարգելման միջազգային այլ փաստաթղթերից բխող պարտավորությունների ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերին:




























