Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) արտոնագրման կոմիտեի նիստը, որտեղ քննարկվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբին ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագրից զրկելու (հետկանչ) հարցը: Ըստ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանի` «Արարատ» ֆուտբոլային ակումբը խախտել է ՀՖՖ ակումբների արտոնագրման ուղեցույցի մարզական չափանիշի S.02 կետը որը ենթադրում է, որ ազգային արտոնագիր ստանալու համար յուրաքանչյուր թեկնածու պետք է ունենա առնվազն 4 մանկապատանեկան թիմ, որոնք գրանցված կլինեն ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնում ու կմասնակցեն ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններին:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Արարատ» ՖԱ-ն ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում ներկայացնում էր 5 թիմ, որոնցից 3-ը` «Արարատ-95»-ը, «Արարատ-96»-ը և «Արարատ-97»-ը, ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման համաձայն հանվել են առաջնություններից` երկու և ավելի անգամ մրցավայր չներկայանալու պատճառով: Նման խախտումը հանգեցնում է ակումբի` արտոնագրից զրկման: ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն միաձայն` 4 կողմ, 0 դեմ ձայներով ընդունել է արտոնագրման բաժնի առաջարկը: Ըստ այդմ, «Արարատ» ակումբը դուրս է մնում Հայաստանի ուժեղագույնների առաջնությունից: «Արարատ» ակումբը իրավունք ունի 5 օրվա ընթացքում բողոքարկել այս որոշումը:



















