Մարտի 26-ին Լոս Անջելեսում սպանվել է հայկական մի ընտանիքի արդեն երրորդ անդամը` 38-ամյա Կարինե Հակոբյանը: Ավելի վաղ` մոտ մեկ տարի առաջ սպանվել էին նաեւ նրա ամուսինը` 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը, եւ դուստրը` 9-ամյա Լուսինե Սաֆարյանը:

Ըստ «Ասոշիեյթեդ պրես»-ի, մարտի 26-ին Կարինե Հակոբյանի 14-ամյա դուստրը մոր մարմինը` գլխի ետեւի մասում հրազենային վերքով, հայտնաբերել է նրա ավտոմեքենայի մոտ: Նկատենք, որ հենց նույն դուստրն է մոտ մեկ տարի առաջ՝ 2008-ի դեկտեմբերի 11-ին հայտնաբերել նաեւ սպանված հոր եւ քրոջ մարմինները:

Թեեւ տեղի ոստիկանությունը դեռ մահվան դրդապատճառները չի պարզել, սակայն այդ 3 սպանությունների մեջ նա կապ է տեսնում: Ոստիկանության քննիչ Դան Մայերսն ընդգծել է, որ ընտանիքի անդամներից ոչ մեկը քրեական աշխարհի հետ առնչություն չի ունեցել: Խաչիկ եւ Լուսինե Սաֆարյանների սպանությունից հետո ոստիկանությունը 75 հազար դոլար էր խոստացել հանցագործության բացահայտմանը նպաստող տեղեկության համար, սակայն դեռեւս մեծ առաջընթաց այդ գործում չի արձանագրվել:

Խաչիկ Սաֆարյանն ու Լուսինե Հակոբյանը Միացյալ Նահանգներ են տեղափոխվել 2003 թվականին: Հաղորդում է «Ազատություն»-ը: