Մարտի 31-ին՝ առավոտյան Դաղստանի Կիզլյար քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 11-ի:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով ոստիկանությանը, վնասվածքներ է ստացել մի քանի տասնյակ մարդ:

Զոհվածներից յոթը իրավապահներ են, նշվում է նաեւ ոստիկանության տեղական վարչության պետ Վիտալի Վեդերնիկովի անունը:

Առաջին պայթյունը որոտացել է ժամը 8։42-ի սահմաններում, երբ պարեկային ծառայության աշխատակիցները փորձել են ստուգման համար կանգնեցնել «Նիվա» մեքենան, մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը: Արդյունքում զոհվել են երկու ոստիկան եւ մոտակայքում գտնվող մի կին:

15 րոպե անց ոստիկանական համազգեստ հագած մեկ այլ ահաբեկիչ գործի է գցել երկրորդ սարքը: Այդ պայթյունի արդյունքում զոհվել են եւս 8 հոգի: