«Հայաստանն այսօր կանգնած է ներքին եւ արտաքին ստատուս քվոների փոփոխության փաստի առջեւ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով, Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտքին մարտահրավերների լուծումը հնարավոր է միայն իշխանությունների ցուցաբերած կամքի առկայության դեպքում. «Խոսքս Հայաստան եկած եւ այստեղ լավ տեղավորված տարաբնույթ ճգնաժամերի մասին է՝ սկսած 2008 թ. նախագահական ընտրություններից սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամից, ինչի հետեւանք են հանրային լայն երկխոսության, քաղաքական համակարգի բարեփոխման լուրջ, հիմնավոր քայլերի բացակայությունը, ինչպես նաեւ տակավին բանտերում գտնվող քաղբանտարկյալները եւ մամուլի ազատության վիճակի վատացումը»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը։

Անդրդառնալով «Ժառանգության» կողմից կլոր սեղանի ձեւաչափով նախաձեռնված հանրային քննարկումների թեմային՝ նա անչափ կարեւոր համարեց իրենց այդ քայլը. «Հայաստանը կարոտ է երկխոսության. այդ է պատճառը, որ „Ժառանգությունը“ կոչ է արել կոալիցիոն երեք կուսակցություններին եւ ընդդիմությանը՝ ՀՅԴ-ին եւ Հայ ազգային կոնգրեսին, մասնակցել կլոր սեղանների քննարկումներին»։

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանն իր հերթին ավելացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ երեք անգամ նմանատիպ համազգային քննարկումներ կազմակերպել է, եւ եթե պետք լինի, կհրավիրի եւս մեկը. «Այնպես որ „Ժառանգության“ կողմից կազմակերպված հավաքների մեջ սենսացիոն ոչինչ չկա»,- ամփոփեց նա։

Նշենք, որ «Ժառանգությունը» կոալիցիոն եւ ընդդիմադիր ուժերին կլոր սեղանի շուրջ երկխոսություն ծավալելու հրավերով հանդես էր եկել երեկ՝ մարտի 30-ին։