Ընթացիկ տարեսկզբին Հայաստանի եւ Ուկրաինայի մշակույթի նախարարությունների միջեւ 2013-2017թթ. համագործակցության ծրագիր է ստորագրվել, որում նշված են համագործակցության ուղղությունները եւ դրանց իրացման հնարավոր ձեւերը:
Այս մասին AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ 2013-2017թթ. համագործակցության ծրագրի շրջանակում նշվի Հայ-ուկրաինական բարեկամության օրը:
Ըստ Պողոսյանի՝ կողմերը պետք է աջակցեն թանգարանների եւ գրադարանների միջեւ ուղղակի կապերի հաստատմանը, կինոյի, թատրոնի, մշակույթի, ստեղծագործական բուհերի ներկայացուցիչներին եւ համատեղ ծրագրերի իրականացմանը: «Անկասկած, տվյալ ծրագրի շրջանակում ձեր առաջարկի իրագործումը միանգամայն հնարավոր է, սակայն հարցն անհրաժեշտ է քննարկել եւ համաձայնեցնել նաեւ մեր ուկրաինացի գործընկերների հետ: Կարծում եմ, որ ուկրաինացի պատմաբանների նախաձեռնությանը՝ հունիսի 27-ը Ուկրաինացի եւ հայ ժողովուրդների բարեկամության եւ եղբայրության օր հռչակելու վերաբերյալ, կաջակցի նաեւ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը»:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես է նախարարը գնահատում Ուկրաինայի հայերի միության գործունեությունը հայկական մշակույթի պահպանման գործում, Պողոսյանը նշել է, որ Ուկրաինայում հայերը հարմարավետ են ապրում, եւ այդ գործում է մեծ է Ուկրաինայի հայերի միության դերը:
Ըստ նրա՝ կազմակերպությունը հայկական մշակույթի պահպանման ուղղությամբ տարբեր միջոցառումներ է իրականացնում: «Ես վստահ եմ, որ դրան նպաստում է նաեւ վերածնված դպրոցների, հրատարակչությունների գործունեությունը: Ավելին, Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունն է, որը ընդգրկվել է Եվրամիության թափանցիկության գոտի»:





























