Վարդան Պետրոսյանի հարցաքննությունը կիսատ թողնելու մասին տեղեկությունները անհեթեթություններ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Քննիչը ավարտել է իր գործը եւ գնացել»,- հայտնեցին ոստիկանությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն քննիչի հետ հանդիպմանը որոշ դիտարկումներ էր ցանկանում անել, սակայն քննիչը դուրս էր եկել հիվանդասենյակից՝ հրաժարվելով շարունակել հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Դերասանն արդեն ձերբակալվածի կարգավիճակում է, նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները: