Ավարտին են մոտենում «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի խոսքով, նկարահանող խմբին հաջողվել է ի հայտ բերել բավական լուսանկարչական նյութեր եւ տեսագրություններ, որոնք լույս են սփռում Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների` նախկինում անհայտ մնացած մանրամասների վրա: «Մեր տրամադրության տակ կային ԽՍՀՄ Գլխավոր դատախազության օպերատիվ նկարահանումները, նախաքննության եւ դատաքննության նյութեր, լուսանկարներ, որոնք կատարվել էին Ադրբեջանի դիահերձարաններում, ուր տեղափոխվել էին տանջամահ արված հայերի դիակները»,-նշել է Մ. Գրիգորյանն ու հավելել. «Այդ կադրերն ապացուցում են, որ „սումգայիթի“ զոհերի թիվը շատ ավելի մեծ է պաշտոնական տվյալներից: Եվ ամենագլխավորը` մենք գտանք անհերքելի ապացույցներ այն մասին, որ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվել, կազմակերպվել եւ ուղղորդվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից` Հեյդար Ալիեւի գլխավորությամբ»:
Նախագծի ղեկավարը հավելել է, որ ֆիլմում ներկայացված են նաեւ փաստեր, որոնք այս տարիների ընթացքում բծախնդրությամբ թաքցվել են, քանի որ ականատեսները ստորագրել էին գաղտնիքի չհրապարակման մասին փաստաթուղթ:
«Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հանրային հեռուստատեսության եթերում ապրիլի առաջին կեսերին, երբ հիշատակվելու է Ղարաբաղի Մարաղա գյուղում տեղի ունեցած ողբերգության 18-րդ տարելիցը, ողբերգություն, որը Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում հայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումների եւ ցեղասպան գործողությունների հերթական օղակներից մեկն էր:




























