Աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Կոսաչեւի հետ եւ քննարկել երկու երկրների մեջ հումանիտար համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ա. Աշոտյանը նշել է, որ երկու երկրների միջեւ հումանիտար համագործակցությունը գտնվում է երկու պետությունների նախագահների ուշադրության կենտրոնում, ինչի վկայությունն է նրանց վերջին հանդիպման ընթացքում անդրադարձը կրթության եւ գիտության հարցերին:
Հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, Հայաստանում ռուսերենի, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման, դասագրքերի, ուսանողների փոխանակման կրթաթոշակային ծրագրերի հետ կապված հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նոր թափ հաղորդել հայ-ռուսական կրթական օրակարգում գտնվող բոլոր հարցերին, ինչպես նաեւ այդ օրակարգը համալրել նոր նախաձեռնություններով:
Հանդիպումից հետո Ա. Աշոտյանը «Ռուսաստանի ձայն» ռադիոընկերությունում հյուրընկալվել է Կ. Կոսաչեւի հեղինակային հաղորդմանը:




























