Պայքարը Լիճք համայնքի բնակիչների եւ «Տեխնոման» ՍՊԸ-ի միջեւ շարունակվում է. ընկերությունը պատրաստվում է Լիճքի հանքային ջրի աղբյուրի տարածքում ածխաթթվային հանքային ջրի հանքավայր շահագործել, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:
Լիճքի բնակիչները պնդում են, որ այդ նախագծին համաձայնություն չեն տվել, իսկ գյուղապետը ստորագրել է փաստաթուղթ չիմացությամբ: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը նախագծին տվել է դրական եզրակացություն, եւ գործն ավարտված է:
«Համայնքապետին ներկայացրել են բոլորովին այլ նախագիծ` կապված ածծխաթթու գազ հանելու հետ: Նախարարության փաստաթղթերի տակ կան համայնքապետի ստորագրությունն ու կնիքը, սակայն համայնքապետը հստակ նշեց, որ ինքը այդ փաստաթղթերը չի տեսել եւ հանքավայրի հետ կապված ոչ մի համաձայնություն չի տվել»,- նոյեմբերի 6-ին Լիճքի գյուղապետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ նշել է Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը եւ հավելել. «Համայնքի բնակիչների խոսքով՝ ոստիկանությունից նրանց վախեցրել են, տվել են ոստիկանապետի, բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ նախագահի անունը, որպեսզի առաջ տանեն իրենց գործը»:
«Մարդ կա, ասում է, եթե նախագահն ա մեջը, հավես չկա` գան, ինձ տնից տանեն, գցեն ԿԳԲ: Էդ մարդու անունը շահարկելով` արդեն ժողովրդին վախեցնում են»,- ասաց բնակիչներից մեկը:
«Ես պնդում եմ, որ սկզբում միլպետը, հետո միլպետի տեղակալը ասում էին, որ դա նախագահի հովանավորությամբ է»,- ասաց «Լիճք» նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Հոխիկյանը:
«Եկեք չշոշափենք նախագահի անունը, ինչ գործ ունեք նախագահի հետ. հիմա մի փոքր ընտանիքում երեխան ինչ հանցանք է կատարում, ծնողը խաբա՞ր է,- պատասխանեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը,- Խոսքը գնացել է այլ տեղանքի մասին, մենք չենք առարկել: Ես` ինքս, նույնիսկ ուրախացել եմ, որ աշխատատեղ կստեղծվի, մարդիկ կաշխատեն: Մյուս հորանի մասին ընդհանրապես խոսացություն չի եղել»:
Քննարկմանը նաեւ հրավիրված էին ներկայացուցիչներ ՀՀ բնապահպանության նախարարությունից եւ «Տեխնոման» ՍՊԸ-ից, սակայն նրանք այդպես էլ չներկայացան:
Համայնքի բնակիչները որոշել են բաց նամակով դիմել ՀՀ նախագահին, ՀՀ ոստիկանապետին` հայտնելով վերջիններիս անունից համայնքում տեղի են ունեցող ապօրինությունների մասին:




























