«Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ծանուցագիր է ստացել ոստիկանությունից, եւ ըստ այդմ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 15.20-ին, պետք է ներկայանա Վարչական դատարան Կոմիտաս 5-ի գործով:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:
Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ իրեն պատասխանատվության կենթարկեն:
«Սա, ըստ երեւույթին, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանք էր: Եթե մի գործողություն ճանաչվում է անօրինական, ինչպես կարող է ոստիկանության գործողությունները որոնք կոչված են պաշտպանել անօրիանակությունը, կոչվեն օրինական, իսկ անօրինականության դեմ ընդվզողները՝ դատվեն: Սա նոր հայկական տրամաբանություն է, որը պատմության մեջ կմտնի նոր հայկական արդարադատություն անվամբ՝ անօրինականությունը ճանաչվում է անօրինականություն, բայց մարդկանց դատում են անօրինակությանը անօրինականություն ասելու համար»,- ասաց կինոռեժիսորը:
Նա նշեց, որ նման կերպ եղավ նաեւ Մաշտոցի պուրակի դեպքերի ժամանակ, երբ շինարարությունը դադարեցվեց, կրպակները ապամոնտաժվեցին, բայց այդ ամենի դեմ պայքարող մարդիկ մեղավոր ճանաչվեցին:




























