Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր կազմակերպեց «Ճգնաժամը Իրանում. Դասեր Հայաստանի համար» խորագրով սեմինար-քննարկում` գնահատական տալով Իրանի հետընտրական ճգնաժամին եւ անդրադառնալով այն դասերին, որ իրանական ճգնաժամից կարող է քաղել Հայաստանը:

Ներկաներին ողջունելուց հետո ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը հակիրճ ներկայացրեց դրկից երկրի վերջին զարգացումները` նշելով մասնավորապես, որ «Երեւանի ու Թեհրանի միջեւ ռազմավարական հարաբերությունների հետագա ուղղությունը սերտորեն առնչվում է Իրանում շարունակվող քաղաքական ճգնաժամի ելքին»:

Իր բանախոսության մեջ ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը շեշտեց, որ Իրանը գտնվում է հուժկու եւ, միեւնույն ժամանակ, «վայրագ հետընտրական ճգնաժամի մեջ», որը հանգեցրեց 1979 թվականի իրանական հեղափոխությունից հետո ամենամեծ հակակառավարական ցույցերին, եւ հարյուր հազարավոր իրանցիներ բողոքարկեցին նախագահական ընտրությունների արդյունքները: Բանախոսի կարծիքով` հետընտրական այս լարվածությունը վերջին երեսուն տարվա «ամենալուրջ մարտահրավերն է երկրի իշխանություններին», ընդորում` լարվածության ներկայիս ալիքը, ըստ Կիրակոսյանի, հիմնականում ուղղված է իշխող վերնախավի դեմ, «եւ բուն համակարգն այժմ այս թիրախում չէ»:

Իրանական ճգնաժամի շուրջ կենտրոնացված վերլուծություն տրամադրելուց հետո Կիրակոսյանը զուգահեռներ անցկացրեց այդ երկրում ծավալվող իրադարձությունների եւ ՀՀ-ում անցյալ տարվա մարտմեկյան հետընտրական դեպքերի միջեւ` եզրակացնելով, որ երկու դեպքում էլ ցուցարարների մահվան հանգեցրին ոստիկանության ու անվտանգության մարմինների կողմից կիրառված ուժի անհամաչափությունը եւ ցուցարարների հանդեպ բռնությունների գործադրումը: «Հայաստանի պարագայում 2008թ. մարտյան ճգնաժամը թերեւս մնում է չլուծված, որովհետեւ իշխանությունները չեն կարողացել կամ չեն ցանկացել ամբողջովին եւ արդարացի կերպով հետաքննել ողբերգության պատճառները, ի մասնավորի 10 զոհերի մահվան հանգամանքները»,- հավելեց վերլուծաբանը:

Կիրակոսյանի պարզաբանմամբ` ընտրություններն Իրանում բացահայտեցին, որ «շատ լուրջ ներքին հակասություններն արագորեն կարող են վերածվել անկայուն եւ պայթյունավտանգ ներքին իրավիճակի, որը ոչ մի գաղափարախոսություն` անկախ իր ուժից, ի զորու չէ հաղթահարել»: ՀՀ իշխանությունների համար այս դասը, ըստ բանախոսի, նաեւ զգուշացում է, որ սոցիալ-տնտեսական խնդիրները չունեն որեւէ քաղաքական «բուժամիջոց» կամ այլընտրանք, «պարզապես հարկավոր է քննարկել եւ գտնել դրանց լուծումը»: Իսկ Իրանի պարագայում հստակ դարձավ, որ արդի աշխարհում ոչ մի երկիր չի կարող մնալ իրապես մեկուսացված: Հաջորդ դասը, որ պետք է քաղել իրանական ճգնաժամից, Կիրակոսյանի մատուցմամբ, աղերսվում է «փոփոխությունների էկոնոմիկային», որն այս լարվածության առաջմղիչ ուժն է եւ ամենամտահոգիչը Հայաստանի համար: «Թե° իրանցի, թե° հայ երիտասարդները նույն հույսերն են փայփայում ավելի պայծառ ապագա, տնտեսական հնարավորություններ եւ իրենց երկրների կառավարման մեջ սեփական ձայնն ունենալու առումով»,- զեկույցի ավարտին նշեց ՌԱՀՀԿ տնօրենը` ընդգծելով, որ երկու երկրների համար էլ չկա վերադարձ նախաճգնաժամային «ստատուս քվոյին», քանի որ փոփոխության քաղաքական եւ տնտեսական պահանջները տակավին մնում են անպատասխան, ինչը հղի է դժգոհության ալիքի սաստկացման վտանգով:

Իր հերթին ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով Իրանում չդադարող հուզումներին, նշեց, որ դրանք «իրանական կառավարության հանդեպ վստահության բացակայության արտահայտություն եւ երկրի ղեկավարության լեգիտիմությանը նետված մարտահրավեր են»: Փորձագետի հայացքով` ներկա ճգնաժամն աննախադեպ է եւ, թերեւս, առնչվում է միջազգային համատեքստին` Իրանի մեկուսացման եւ նրա ղեկավարների վրա ճնշում գործադրելու ուղեգծին: Սարգսյանի դիտարկմամբ` Արեւմուտքն այդուհանդերձ ավելի զգուշավոր էր իր արձագանքում եւ իրական մարտահրավերը նետված էր Իրանի ներսից:

Երկու զեկույցներին հետեւեցին հարցուպատասխանը, ինչպես նաեւ մտքերի աշխույժ փոխանակությունը, որին մասնակցեցին քննարկմանը ներկա ԱԺ պատգամավորներ, առաջատար վերլուծաբաններ, փորձագետներ եւ լրագրողներ: