Արարատի մարզի երկու համայնքում այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: (ֆոտոռեպորտաժ)
Համայնքի ղեկավար կընտրեն Արարատում եւ Նշավանում:
Հատկապես թեժ ընտրություններ են սպասվում Արարատ քաղաքում, որտեղ առաջադրվել են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը: Դեռեւս ընտրությունների նախօրեին ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն հանրահավաքներ էին անցկացրել Արարատում, մի հրապարակում ելույթ էր ունենում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ քիչ անց մեկ այլ հրապարակում՝ նրա խնամին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Կրքերն այնքան թեժացան, որ իր ելույթում Հովիկ Աբրահամյանը անուղղակի քննադատեց ԲՀԿ-ին, իսկ Գագիկ Ծառուկյանը, իմանալով այդ մասին, ժպտալով ասաց՝ «բայց իսկականից ըտենց բան ա ասե՞լ»:
Նշավանում եւս առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:
Արարատում գործելու է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 6 հասարակական կազմակերպություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Քաղաքապետի մոտ առկա էր գլխուղեղի ուռուցք:





























