Երեւանում տրանսպորտով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին, որն անցկացվել է հոկտեմբերի 17-ին, Երեւան քաղաքի թվով 23 ավտոբուսային եւ մեկ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար որեւէ կազմակերպության կողմից հայտ չի ներկայացվել: Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է.

«Առնվազն տարօրինակ է, որ 100 դրամ սակագնով ուղեւորափոխադրման կազմակերպումը հիմնավորող եւ գերշահույթների մասին խոսողներն այսքան անտարբեր են իրենց գնահատականով նման շահավետ մրցույթի նկատմամբ այն դեպքում, երբ կարելի էր մասնակցել, հաղթել ու բոլորին ապացուցել իրենց պնդումների իրավացիությունը։

Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պնդել այդ նույն տեսակետի ճշմարտացիությունը, առաջարկում ենք մասնակցել հայտարարված նոր մրցույթին, որը կանցկացվի դեկտեմբերի 12-ին, ինչի մասին Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 25-ին հանդես է եկել հրապարակային մրցույթի հրավեր-հայտարարությամբ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ ինչպես քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ»  բաժնում, այնպես էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում նույն օրը զետեղված սույն հայտարարության տեքստից։

Սա իրապես լավ հնարավորություն է ընձեռում ձեզ մասնակցել մրցույթին եւ գործնականում հիմնավորել ձեր սրտացավությունը՝ մեր բնակիչներին 100 դրամ սակագնով որակյալ եւ անվտանգ ծառայություն մատուցելու տեսանկյունից։

Միաժամանակ ավելորդ չենք համարում նաեւ տեղեկացնել, որ Երեւան քաղաքին նվիրաբերված բոլոր ավտոբուսները սպասարկվում են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցների կողմից եւ հանդիսանում են համայնքային սեփականություն»: