Բացվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնը։ Տարածաշրջանում նեյրոանոթային վիրաբուժության եզակի կենտրոնի մարտի 31-ին կայացած հանդիսավոր բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր։
«Կենտրոնը եզակի հնարավորություն է տալիս ոչ միայն ճշգրիտ ախտորոշել ուղեղի անոթների բոլոր խաթարումները, այլ նաեւ ստենտավորել ուղեղի անոթները՝ այդպիսով նվազեցնելով ուղեղի անոթների հնարավոր կաթվածի ռիսկը»,- այս մասին նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի բացմանն ասաց ԵՊԲՀ ռեկտոր Գոհար Քյալյանը։
Նա նշեց, որ կենտրոնի ստեղծմանը բժշկական համալսարանը ձեռնամուխ է եղել երեք տարի առաջ, եւ կենտրոնի ստեղծմանը աջակցել է բարերար Նազար Նազարյանը։ Կենտրոնը բացվել է առանձին ռադիոլոգիական մասնաշենքում, հագեցված է արդիական եզակի սարքավորումներով, իսկ կադրերը վերպատրաստվել են արտասահմանյան առաջատար կլինիկաներում։




























