Արարատի մարզի Արարատ եւ Նշավան համայնքներում այսօր` նոյեմբերի 10-ին անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: (ֆոտոռեպորտաժ)

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձեւավորված բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչեւ ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ: 

Ըստ ԿԸՀ-ի` տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Ընտրական տեղամասերի բացման գործընթացին առնչվող որեւէ դիտողություն, ահազանգ ներկայացված չէ:

Մինչդեռ iLur.am կայքի փոխանցմամբ, Հայտնաբերվել է նաեւ ընտրակաշառքի մեկ դեպք: Բարգավաճ Հայաստան կուսակցության  գրասենյակից արդեն դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ Հանրապետական կուսակցության թեկնածուի կողմնակիցները տեղամասերից մեկի դիմաց ընտրակաշառք են բաժանում:

Նշենք, որ Արարատ քաղաքում, որտեղ առաջադրվել են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:

Նշավանում եւս առաջադրվել է երկու թեկնածու՝  ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:

Արարատում գործելու է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել է 6 հասարակական կազմակերպություն: