Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Արարատի քաղաքապետի ընտրությունների ընթացքում ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ: (ֆոտոռեպորտաժ)

«Նոյեմբերի 10-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Արարատի բաժնում`  18/07 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից  ահազանգ է ստացվել, որ իրեն է դիմել հանձնաժողովի նախագահը  եւ հայտնել, որ 1973 թ. ծնված Վարուժան Ղուլյանը  քվեաթերթիկ է նկարահանել: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ. Ղուլյանը բացատրություն է տվել, որ օրենքով սահմանված կարգով ընտրատարածք մտնելուց  եւ քվեաթերթիկ ստանալուց հետո մտել է ընտրախցիկ եւ կատարել իր ընտրությունը: Այնուհետեւ իր ցանկությամբ,  որպես հուշ պահելու նպատակով, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսով  նկարահանել է արդեն  լրացված քվեաթերթիկը, ապա դրել է ծրարի մեջ:  Երբ դուրս գալով ընտրախցից, ցանկացել է մոտենալ քվեատուփին, իրեն է մտոցել անծանոթ մի քաղաքացի, հարցրել, թե ինչու է նկարահանել, այնուհետեւ իր ձեռքից  վերցնելով հեռախոսն ու քվեաթերթիկը պարունակող ծրարը` բացել է, քվեաթերթիկը  ցուցադրել  բոլոր ներկաներին եւ հայտարարելով, թե քվեաթերթիկն անվավեր է` պատռել է այն:

Դեպքի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում  նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ քվեաթերթիկը քվեարկված է եղել հանրապետական թեկնածուի օգտին: Ապօրինությունը հայտնաբերել էր ԲՀԿ թեկնածուի վստահված անձը, իսկ շտաբը դիմել էր ոստիկանություն: