Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, նոյեմբերի 10-ին, Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են ներկանյութով պատերի վրա նկարող 4 քաղաքացիների, որոնց բերման են ենթարկել բաժին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Պարզվել է, որ նշված անձինք են 32-ամյա Կարեն Օ.-ն, 34-ամյա Էդգար Ա.-ն, 39-ամյա Արթուր Պ.-ն եւ նրա եղբայրը` 37-ամյա Արա Պ.-ն: Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ներկանյութ, ինչպես նաեւ ստվարաթղթե ձեւաթուղթ` դիմագծեր պատկերելու համար: Կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ բերման ենթարկվածները «Արտ լաբորատորիայի» արվեստագետներն են՝ Արթուր եւ Արա Պետրոսյանները, Կարեն Օհանյանն ու Էդգար Ամրոյանը, նրանք բերման էին ենթարկվել Ազգային ժողովի պատերին նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիներ նկարելու համար: