Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի (ECRI) պատվիրակությունը մարտի 23-26-ին այցելել է Հայաստան: Այցի ընթացքում պատվիրակությունը տեղեկատվություն է ստացել 2006թ. իր զեկույցում իշխանություններին հասցեագրված առաջարկությունների իրականացման վերաբերյալ և քննարկել նոր զարգացումները:

Երեւանում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել բոլոր համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների, պաշտոնյաների եւ իրավապաշտպան ՀԿ-ների հետ: Այն նաև այցելել է ապաստան հայցողների և փախստականների համար նախատեսված կեցավայրեր, ինչպես նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղեր և շրջաններ:

Այցից հետո հանձնաժողովը կմշակի զեկույց, որտեղ իշխանություններին կներկայացնի առաջարկությունների նոր շարք՝ ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի, հակասեմականության և անհանդուրժողականության դեմ պայքարի քայլերի վերաբերյալ: Դրանցից երեքի վերաբերյալ երկու տարի անց կկատարվի լրացուցիչ ուսումնասիրություն` միջանկյալ մոնիտորինգի ընթացակարգի սկզբունքով:

2006թ. իր զեկույցում հանձնաժողովը ափսոսանք էր հայտնել խտրականությանը վերաբերող համապարփակ քաղաքացիական և վարչական օրենսդրության բացակայության վերաբերյալ: Հանձնաժողովը գտել էր նաև, որ եզդի համայնքի ներկայացուցիչները շարունակում էին առերեսվել խնդիրների: Հանձնաժողովը առաջարկել էր նաև փոփոխություններ կատարել այլընտրանքային ծառայության մասին օրենքում: