Ուկրաինայի գազաբաշխիչ «Նավթոգազ» ընկերությունը դադարեցրել է «Գազպրոմ»-ից գազ գնելը: Նման տվյալներ ունի վառելիքաէներգետիկական համալիրի կենտրոնական կարգավարական վարչությունը:
Ըստ տեղեկությունների՝ հոկտեմբերին ուկրաինական ընկերությունը 3,2 մլրդ խմ ռուսական վառելիք է ստացել կամ միջինը օրական 104 մլն խմ: Նոյեմբերի 6-7-ին գնվող գազի ծավալը կրճատվել է օրական 9 մլն խմ-ի, իսկ նոյեմբերի 8-ից ընդհանրապես դադարել է, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Գազպրոմ»-ն ու «Նավթոգազ»-ն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունը:
Նոյեմբերի 7-ին «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել էր, որ հոկտեմբերի մատակարարումների համար «Նավթոգազ»-ը պետք է վճարի 1,355 մլրդ դոլար: Բացի այդ, «Նավթոգազ»-ն օգոստոսի պարտքի մեծ մասն էլ չի վճարել եւ «Գազպրոմ»-ին 792 մլն դոլար է պարտք:
Միաժամանակ, «Նավթոգազ»-ում ՈՒՆԻԱՆ-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ ուկրաինական կողմը «Գազպրոմ»-ին հոկտեմբերի համար միայն 15 մլն դոլար կվճարի: Նոյեմբերի 7-ին Ուկրաինայի վարչապետ Յուրի Բոյկոն հայտարարել էր, որ «Նավթոգազ»-ը «Գազպրոմ»-ից գնվող գազը կրճատել է քառակի:





























