Այսօր համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված «Տաշիր Պիցցա»-ում հաճախորդները պիցցայի մեջ հայտնաբերել են ապակու կտորներ և «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ներողություն խնդրելու փոխարեն անպատվել էին հաճախորդներին։

Այս կապակցությամբ «Տաշիր Պիցցան» տարածել է հաղորդագրություն, որում ասվում է․

«Ներկայումս ուսումնասիրվում են թյուրիմացության պատճառները, և վստահեցնում ենք, որ բոլոր մեղավորներն անխտիր պատժվելու են: Գիտակցելով հանդերձ, որ որևէ կազմակերպություն լիարժեք ապահովագրված չէ նման իրավիճակներից, առավել ևս, որ մի շարք գործոններ պայմանավորված են սնունդ արտադրող և պիցցերիաների ցանցի մատակարար հանդիսացող կազմակերպությունների բարեխղճությունից, մենք հայցում ենք անախորժության մեջ հայտնված քաղաքացիների ներողամտությունը»։

Նշենք, որ Մարիամ Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր Դալմա առևտրի կենտրոնում էի քրոջս հետ, որոշեցինք ընդմիջում անել. Տաշիր պիցցայից պիցցա վերցրեցինք, նախապես վճարեցինք, երկրորդ կտորը ուտելիս քուրս կարելի է ասել ուղղակի փսխեց՝ ապակու կտոր էր պիցցայի մեջ, գիտեք նման դեպքերում ինչ ենք անում, որ ստամոքսը մաքրվի, հետո մոտեցանք բաժին, ասեցինք, որ ապակու կտոր էր պիցցայում, մենեջերին փորձեցինք տեսնել, ապարդյուն, փոխարենը աշխատողները այնպես հարձակվեցին, մուննաթ եկան, մի հատ նույնիսկ ներողություն չխնդրեցին՝ ասելով ում ուզում եք բողոքեք, սնունդ ա, մեջը ամեն ինչ էլ կարա լինի, մենք ինչ մեղավոր ենք, կարծես իրանք չեն հենց պիցցայի բաղադրությունը պատրաստում: Մենեջերը այդպես էլ չհայտնվեց, փոխարենը աշխատողները՝ շարքային սպասարկողից սկսած՝ խոհարարով վերջացրած բառացիորեն անպատվեցին ու արդեն չգիտեինք, զարմանանք, որ սննդի մեջ ապակու կտորներ են, թե աշխատողների նման սուր արձագանքից ապշենք... Մեր «այդքան սիրելի» Տաշիր պիցայում սովորական ընդմիջումը չարիք դարձավ»: