Հայաստանի Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության քննարկումների արդյունքում բոլոր խմբակցությւոններն արտահայտել են իրենց դիրքորոշումները:

ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իր գլխավորած խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ իրենք մտադիր են դեմ քվեարկել Իշխան Զաքարյանի թեկնածությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ չեն մասնակցելու փակ գաղտնի քվեարկությանը, որ ՀՀԿ-ական կեղծարարներին հնարավորություն չտան ընդդիմության դեմ հերթական կեղտոտ խաղը խաղալու: 

Մինչդեռ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը հերթական անգամ վկայել է իշխող կուսակցությանը հավատարիմ մնալու մասին՝ հայտարարելով, որ կողմ են քվեարկելու առաջադրված թեկնածուին:

ԱԺ-ում թվաքանակով երկրորդ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, ի դեմս իր քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, հյտարարել է, որ կողմ են քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը:

Ինչպես եւ սպասվում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակայնը հայտարարել է, որ հարյուր տոկոսանոց աջակցություն են ցուցաբերելու առաջադրված թեկնածուին:

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանի թեկնածությունը ՎՊ-ի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: ՎՊ նախագահին ընտրում են երկրի խորհրդարանում՝ գաղտնի քվեարկության արդյունքում: Քվեարկությունը կկայանա վաղը՝ 12:15 - 13:00 ընկած ժամանակահատվածում: