Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել, որով խնդրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ եւ ՀՀ երիտասարդության եւ սպորտի հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին ենթարկել պատասխանատվության վերջինիս կողմից 2013 թ. հոկտեմբերի 10-ին «Yerkir.am» լրատվական կայքում հրապարակված հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ նրա հարազատներին ուղղված բռնության սպառնալիքներ տալու համար:
ՀՔԱՎ գրասենյակից հայտնում են, թե 2013 թ. նոյեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է հանցագործության մասին հաղորդման պատասխանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մ. Ա. Բաբայանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումի հիման վրա պատրաստել էր նյութեր եւ որոշել քրեական գործ հարուցելը մերժել՝ Խաչիկ Մայիսի Ասրյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով:
Կայացրած որոշմանը որպես հիմնավորում նշվում է, որ սպառնական հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ 2013 թ. հոկտեմբերի 11-ին, սակայն հարկ է նշել որ նախորդ հայտարարությունը արվել էր նախորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Խաչիկ Ասրյանը՝ պարզաբանելով իր արտահայտած միտքը, զանգվածային լրատվության միջոցներով նոր հայտարարություն է տարածել, որում բառացիորեն նշել է. «Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ հեղինակավոր էլեկտրոնային yerkir.am կայքում արտահայտած իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել: Զարուհի Փոստանջյանի մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական եւ կենցաղային ատելությունը վերացնելու եւ ընդհանուր առմամբ՝ Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու, այլ պարագաներում նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար: Խոսքերիս չափազանց խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երեւույթը»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է այս որոշումը բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազին:




























