Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը այնքան էլ լավ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանական դպրոցի տնօրեն, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող իր պաշտպանյալին: «Երեկ Վարդան Պետրոսյանը վատացել էր, բուժօգնություն են ցուցաբերել, դիտորդներ, բժիշկներ էին եկել մոտը: Ինքը գոհ է բժիշկների մատուցած ծառայություններից, չի դժգոհում պայմաններից»,- փոխանցեց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ զրուցել է նաեւ բժիշկների հետ, ովքեր հայտնել են, որ լուրջ հետեւանքներ է ունեցել այն օրը, երբ նրան բերել են դատապարտյալների հիվանդանոց, բավականին ծանր է եղել դերասանի առողջական վիճակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: