Արարատի մարզի Արարատ քաղաքի եւ Նշավան համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արարատի մարզի Արարատ եւ Նշավան համայնքերում ս.թ. նոյեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել այսօր` մինչեւ ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները որեւէ դիմում չեն ստացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Արարատի մարզի Արարատ քաղաքում նոյեմբերի 10-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել հանրապետական թեկնածուն` Հայկ Հայկյանը:

ԿԸՀ նախնական արդյունքներով, Հայկյանը ստացել է 4544 քվե, իսկ նրա մրցակիցը` ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը` 4214 քվե:

Պաշտոնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 8921 ընտրող` գրանցված 13 հազար 218-ից: Անվավեր քվեաթերթիկների թիվը 160 է:

Նշավան համայնքում ՀՀԿ-ական Պապ Հակոբյանը ստացել է 427 քվե, իսկ նրա մրցակից, անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը` 209 քվե:

Նշենք, որ Արարատ քաղաքում առաջադրվել էին ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:

Նշավանում եւս առաջադրվել էին երկու թեկնածու՝  ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը: