Նախագահը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում կրկին առաջադրել է Իշխան Զաքարյանին, քանի որ կարճ ժամանակվա ընթացքում նա կարողացել է ամրապնդել այդ գերատեսչությունը: Այդ մասին այսօր ՈԺ-ում հայտարարել է իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է նախագահը սկզբում քննադատել, հետո առաջադրել Զաքարյանի թեկնածությունը, Սահակյանն ընդգծել է, որ դա աշխատանքային գործընթաց է: «Ինչ վերաբերում է Զաքարյանի ունեցվածքին, ապա չեմ հասկանում, մենք գրպանահատնե՞ր ենք, որ դրանով ենք հետաքրքրվում: Եթե կենսագրություններն ուսումնասիրենք, ապա պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու շատ ուրիշներ պետք է առանց փողկապի ու կոստյումի ման գան: Փաշինյանն, առհասարակ, պետք է մի կոստյում ունենա, որն անգամ պետք էլ չլինի լվանալ: Զաքարյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը տայտարարագրել է իր ունեցվածքն ու մաքուր է»:

Սահակյանի խոսքով՝ ընդդիմությունը մեղադրանքներ է հնչեցնում Զաքարյանի հասցեին, սակայն ինքը չի ստիպում դիմել դատարան՝ կապված Վերահսկիչ պալատի բացահայտումների հետ. «Պարզվում է, որ ընդդիմությունը երկար լեզու ունի: Թույլ տալ երկարացնել այդ լեզուն, նշանակում է թույլ տալ ընդդիմադիրներին, որ նրանց լեզուն վնասի պետությանը: Ձեզ հանգսիտ պահեք, կոռեկտ ու կուլտուրական: Եթե կան ինչ-որ փաստեր, դիմեք իրավապահներին, այլ ոչ թե պոպուլիզմով զբաղվեք»: