Ստրասբուրգում նոյեմբերի 7-9-ը տեղի է ունեցել «Ո՛չ ատելություն սերմանող առցանց ելույթներին» շարժման ամփոփիչ խորհրդաժողովը, որը պաշտոնապես բացել են ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԽ Նախարարների պատվիրակների նախագահ Արմեն Պապիկյանը եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին: 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, դիմելով ներկաներին Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեի Նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի անունից, Արմեն Պապիկյանն անդրադարձել է ատելության դեմ պայքարին ուղղված ԵԽ կողմից ձեռնարկված միջոցառումներին` մասնավորապես կարեւորելով ատելություն սերմանող ելույթների առցանց դեմ պայքարի երիտասարդական շարժումը եւ հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը հետեւողականորեն սատարել այդ շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:

Դեսպան Պապիկյանը ողջունել է նաեւ ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի կողմից նախաձեռնած այս ծրագիրը, որն ընդգրկվել է ԵԽ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների շարքում` դրանով իսկ նպաստելով երիտասարդական այս ծրագրի քաղաքական տեսանելիության բարձրացմանը: Այդ նպատակով նաեւ  ԵԽ-ում ՀՀ Նախագահության շրջանակներում անցկացված «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովն առանձնահատուկ կարեւորել է այս շարժումը` խրախուսելով շարժման տարածումը Եվրոպայի ողջ տարածքում: