Ադրբեջանի իշխանությունները, քիչ թե շատ ռացիոնալ մտածելով, գիտակցում են ռազմական ընդգրկուն գործողությունների վերսկսման վտանգը: Նոյեմբերի 12-ի մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով՝ ռազմական գործողություններ սկսելու համար օբյելտիվ սահմանափակումներ կան՝ սպառազինությունների հավասարակշռությունը, կայծակնային պատերազմի համար ադրբեջանական բանակի ոչ բավարար մարտունակությունը, տարածաշրջանի երկրաբանական առանձնահատկությունները, Ադրբեջանի տարածքում առկա ռազմաքաղաքական նշանակությամբ օբյեկտները (օրինակ՝ խողովակաշարները-խմբ.):
«Այնքան էլ իրատեսական չէ այս պայմաններում բլիցկրիգի հույս ունենալը», - ընդգծել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից զենք գնելուն, քաղաքագետ նշել է, որ միշտ չէ սցենարը ասացվածքի նման զարգանում, երբ պատին կախված հրացան անպայման պետք է կրակի: «Հարցն այն է՝ կհաղթի՞ բանական հաշվարկը, թե՞ Ադրբեջանը «հարմար պահ» կտեսնի զենքի կիրառման համար», - նշել է քաղաքագետը:
102-րդ ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկու հայտարարության համատեքստում ՌԴ-ի դիրքորոշման անդրադառնալով ՝ Ալեքսանդր Մարկարովը հիշեցրել է, որ այն պայմանավորված էր ՀՀ եւ ՌԴ հարաբերություններով: Ըստ քաղաքագետի՝ Ռուզինսկին պարզապես հաստատել է որոշ շրջանակների տեսակետը: Տարածաշրջանում ՌԴ ներկայությունը պատերազմի վերսկսումը կանխող հավելյալ գործոններից է, եւ ՌԴ-ն պարտավորություններ ունի ՀԱՊԿ շրջանակում, ամփոփել է Ալեքսանդր Մարկարովը:
Հիշեցնենք, 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին ռուսական ռազմական «Կրասնայա զվեզդա» պարբերականի հետ զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ շրջանակում պայմանավորվածությունների համաձայն: Իր հերթին Բաքու այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը բացառել էր նման թյուրիմացության հնարավորությունը եւ խոստացել պարզել այդ հարցը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























