Տրանսպորտի անխուսափելի թանկացման մասին խոսք չի եղել հանձնաժողովում, բոլոր նրանք, ովքեր խոսում են այդ մասին, տրանսպորտային ոլորտը լավ չեն պատկերացնում եւ չգիտեն, թե ինչ է նշանակում պետական քաղաքականություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։ «Ես տրանսպորտի սակագնի անխուսափելի թանկացման բերող ոչինչ չեմ տեսել»,- շեշտեղ հ/կ ղեկավարը։
Նա մանրամասն հաշվարկներ ներկայացրեց եւ ցույց տվեց, որ սակագնի բարձրացման անհրաժեշտություն չկա, նույնիսկ 100 դրամով երթեւեկելու դեպքոմ շահույթ կարելի է ստանալ, իսկ գերծանրաբեռնված գծերում՝ գերշահույթ։
«Այո, կան գծեր, որոնք շահութաբեր չեն, կան գծեր, որոնք ինքնարժեքը հասնում է 150 դրամի, բայց կան նաեւ հակառակ գծերը։ Միջինցված հաշվարկ չենք կարող անել, դա կարող ենք անել, եթե ունենք մեկ միասնական ավտոպարկ։ Երեւանի քաղաքապետարանը սկզբից ուղարկել է տրանսպորտի սակագնի մի հաշվարկի հիմնավորում, հետո մեկ այլ հաշվարկի հիմնավորում»,- ասաց նա։
Նա հունվարի մեկից տրանսպորտի թանկացումը հնարավոր չի համարում։ Բաբկեն Պիպոյանը ենթադրում է, որ անհամատեղ ոչինչ չի արվի։ Նա առաջարկում է, որպեսզի տրանսպորտի խնդիրը դառնա պետական քաղաքականություն,եւ մարդկանց տեղափոխման հարցը լուծվի պետական մակարդակով, ոչ թե մնա մասնավորի հույսին։ Փաստարկները, թե տարիների ընթացքում ամեն ինչ թանկացել է, բացի տրանսպորտը, Բաբկեն Պիպոյանն արձագանքեց, որ հիմա են հաշվարկներ անում եւ տեսնում, որ որոշ գծերի դեպքում շահույթ են ստանում նույնիսկ 70 դրամով երթեւեկելու դեպքում, եւ թող պատկան մարմինները գնան ու պատասխանատվության ենթարկեն բոլոր նրանց, ովքեր այդ տարիներին 30 դրամ ինքնարժեքով 100 դրամ ուղեվարձով են երթեւեկել։





























