«Այ մարդ, ընչի՞ եք էդքան նախանձում, մարդ եղեք»։ Այսկերպ արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանի՝ շքեղ առանձնատուն ունենալու հանգամանքին։
«Այ մարդ, Զաքարյանը ընկեր չունի՞: Լավ ընկերներ ունի, լավ շրջապատ ունի, լավ մարդ ա Իշխանը, սաղս էլ օգնել ենք, սաղս էլ ձեռ ենք գցել, տունն ի՞նչ ա, որ չսարքի, մեր նման ընկերներ ունի: Այ մարդ, իմ նման ընկեր ունենաս, դու էլ կունենաս»,- ասաց Սարոյանը։
Հարցին, թե իր կարծիքով պաշտոնյան իրավունք ունի՞ նման հարստություն կուտակելու, պատասխանեց. «Տո խի՞ չունի, ընչի՞ չունի: Ընչի պաշտոնյան պտի սոված մնա՞, հլը ասա տենամ»:
Հարցին , թե ո՞վ պետք է մտածի ժողովրդի մասին, Սարոյանն ասաց. «Այսինքն՝ Զաքարյանն Իշխանն էթա ժողովրդի տուն, ի՞նչ անի: Հիմա ո՞վ ա ում հետ կիսվում, որ Զաքարյանը կիսվի: Ասենք, Իշխանի տունն էլ ծախինք կերանք, հետո՞: Բայց ընչի՞ չունենա, աղջի ջան, ջահել աղջիկ եք, ընչի եք էդքան վատ տրամադրված: Լավին տեսեք, լավին գնահատեք, լավ մարդ առեք»:
Հարցին, թե իր կարծիքով՝ ինչի՞ հաշվին են պաշտոնյաներն այսքան հարստանում՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Այ մարդ, խելացի են, աշխատում են, դիզում են, բիզնես ունեն, բան ունեն մարդիկ: Իշխանի պաշտոնից ի՞նչ փող, զավոդ ա, ի՞նչ ա: Ում մասին ոնց ուզում, խոսում ա»: Արտագաղթի մասին հարցին պատասխանեց. «Այ մարդ ստեղ էթացող չկա, գնացողը գնացե, մնացողը մնացե, արխային»:




























