Ավարտվում է մետրոյի երկու նոր կայարանների կառուցման նախագծի ուսումնասիրությունը, նոյեմբերի 12-ին հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Ծրագիրը մշակվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) օգնությամբ:
Ավարտից հետո կարելի կլինի պատկերացում կազմել այդ շինարարության արժեքի մասին, հավելել է փոխնախարարը:
Առայժմ, ըստ նրա, պետությունը բյուջետային կամ դոնորային միջոցներ չունի նոր կայարանների կառուցման համար, սակայն հարցն օրակարգից չի հանվում:
2013թ. սեպտեմբերին մեկնարկել էր Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ ծրագիրը: Դրա ընդհանուր ծավալը կկազմի 15 մլն եվրո: 5 մլն եվրոն կկազմի Եվրամիության ներդրումային դրամաշնորհը: Վարկերի տեսքով հատկացումներ կանեն EBRD-ն եւ Եվրոպական ներդրումային բանկը (EIB): Ծրագրի նպատակը թունելների ջրահեռացման համակարգի արդիականացումն է եւ մալուխային ցանցի նորոգումը:
Մետրոպոլիտենի համար բյուջետային դոտացիան 2014թ. կկազմի 2 մլրդ 513 մլն դրամ, սակայն, ըստ փոխնախարարի, կայարանների շինարարություն սկսելու համար այդ գումարը բավական չէ, այն միայն ընթացիկ խնդիրներ է լուծում:





























