Հայաստանի ընդդիմությունը չի կարող Ղարաբաղի հարցում առանձին որոշումներ կայացնել: Այս մասին հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագիծը, որը ներկայացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: «Պետք է ըմբռնումով մոտենալ նրան, որ բանակցություններ են վարում գործող իշխանությունները եւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միասնական եւ համաձայնեցված կերպով»,-ընդգծել է Ռուստամյանը:
«Այլ հարց է. եթե չենք գնում Լեռնային Ղարաբաղը ճանաչելու ուղիով, ապա կարող ենք եւ պետք է ԼՂՀ անվտանգության երաշխավոր դարձնենք Հայաստանը: Դա մենք անել պարտավոր ենք»,-հավելել է պատգամավորը: Նա հիշեցրել է, որ այդ նպատակով ՀՅԴ-ն նախապատրաստել է բանաձեւի նախագիծ, որը նմանատիպ դրույթներ է պարունակում: Նա նաեւ հավելել է, որ պետք է հասկանալ, որ այս պահին ԼՂ վերաբերյալ օրինագիծ ընդունելը նպատակահարմար չէ:





























