«Ժամանակը» զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱԺ-ում նախկին պաշտոնական ներկայացուցիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։ Հատված հարցազրույցից.
Խոսակցություններ են շրջանառվում Հայաստանի վարչապետի հրաժարականի մասին. Տիգրան Սարգսյանն աչքի է ընկել արեւմտամետ կողմնորոշմամբ։ Ինչքանո՞վ եք հավանական համարում այդ տարբերակը, ասենք, Պուտինի այցից հետո։
Ես կարող եմ ասել մեկ բան՝ Հայաստանում չկան ինքնուրույն մտածելակերպ ունեցող արեւմտամետ, ռուսամետ պաշտոնյաներ։ Հստակ կա հանրապետության նախագահ, որի որեւէ խոսք, որեւէ տեսակետ քննադատության չի արժանանում պետական պաշտոնյայի կողմից։ Չկա նման բան, թե պաշտոնյան հրաժարական է տալիս, որովհետեւ համաձայն չէ նախագահի տեսակետի հետ։
Այնպես որ, որեւէ մեկին վերագրել ինքնուրույն գործողություն եւ ասել, որ սա արեւմտամետ է՝ սխալ է։
Կարծում եմ՝ ցանկացածը, ոչ միայն վարչապետը, իրենց կարծիքը կփոխեն այն դեպքում, երբ նախագահը վաղը ուրիշ բան հայտարարի. նրանք 180 աստիճանով կարող են փոխվել։ Ես չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանն անկախ քաղաքական գործիչ է եւ երբեւէ հնարավորություն ունի այլ տեսակետ հայտնել, քան հանրապետության նախագահը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























