Ադրբեջանը պետք է շփման գծից հնարավորինս շուտ հետ կանչի դիպուկահարներին եւ դադարեցնի միջադեպեր հրահրելը: Այս մասին նոյեմբերի 13-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տարեվերջին սպասվող հանդիպումից ունեցած ակնկալիքների մասին հարցին՝ պատգամավորը նշել է, որ նախապես ակնկալիքներից խոսելը սխալ կլիներ: Այս համատեքստում նա ընդգծել է թուրքական եւ ադրբեջանական կողմերի ակտիվացումը, այս կամ այն առիթով հաճախակի դարձած հայտարարությունները՝ անվտանգության գոտու տարածքների, հայ-թուրքական սահմանի բացման եւ այլ հարցերի առնչությամբ: Պատգամավորի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի գործընթացը շարունակվի ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով՝ խաղաղ բանակցությունների միջոցով:
«Նաեւ կարեւոր է, որպեսզի Ադրբեջանը վերջապես շուտ հետ կանչի դիպուկահարներին եւ դադարեցնի հայկական բնակավայրերի գնդակոծումն ու ռազմատենչ հայտարարությունները», - նշել է պատգամավորը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններին, պատգամավորը դա Անկարայի եվրաինտեգրման խնդիրներով է պայմանավորում եւ տարածաշրջանում իր դերի բարձրացմամբ:
Այդ հայտարարությունները, հատկապես սահմանի բացման մասով, պատգամավորն անկեղծ չի համարում:
Հիշեցնենք, օրերս Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորության մասին՝ Ադրբեջանին անվտանգության գոտու հինգ շրջաններ հանձնելու դիմաց:





























